...ՍԱԿԱՅՆ ԽՆԴԻՐԸ ԴԵՌԵՎՍ ԱՌԿԱ Է
Այն, որ «ստի ոտքերը կարճ են», ապացուցվեց անցած երկուշաբթի` հոկտեմբերի 18-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կազմակերպած «Մանկական հիվանդանոցային բուժօգնության բարելավում» խորհրդակցության ժամանակ։ Մասնակից 15 անդամ պետությունների, ԱՀԿ-ի և գլխավոր եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջազգային և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթներից պարզվեց, որ մանկական մահացության հարցում Հայաստանն առաջին տեղում չէ, ինչպես վերջերս փորձում էին ներկայացնել։ Խնդիրը սուր է արտահայտված զարգացած երկրներում, հատկապես ռիսկային խումբ են կազմում մինչև 5 տարեկան երեխաները։ Եվ քանի որ այսօրվա մանուկը երկիր կառուցող վաղվա հասուն մարդն է, բնականաբար, երեխաների հիվանդության և մահացության հարցն աշխարհի թիվ մեկ խնդիրն է։ Այս համատեքստում միանգամայն օրինաչափ է, որ 2015-ին ՄԱԿ-ում բոլոր երկրներն այս հարցերով հաշվետվություն պետք է ներկայացնեն։ Իսկ մինչ այդ, օգտվելով առիթից, որ Հայաստանում էր ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի մանկական առողջապահության կոորդինատոր ԱՅԳՅՈՒԼ ԿՈՒՏՈՒՄՈՒՐԱՏՈՎԱՆ, փորձեցինք ճշտել, թե եղած տվյալներով` մանկական մահացության ցուցանիշը Եվրոպայում և ՀՀ-ում ինչ մակարդակի վրա է։
-ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կենտրոնի տվյալներով` մանկական մահացությունը երկու երրորդով կրճատվել է, և Հայաստանն այդ հարցում նույն ճանապարհին է,- ասաց տիկին Կուտումուրատովան։- ԱՀԿ-ի գնահատմամբ` հիվանդ երեխաների (որոնք դիմում են առաջնային բուժծառայությանը) 15-20 տոկոսը ստացիոնար բուժօգնության կարիք ունի, և այս դեպքում մենք բախվում ենք մեկ այլ խնդրի։ Մասնավորապես, ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի 2002 թ. ուսումնասիրությունները` իրականացված Ղազախստանի, Մոլդովայի և ՌԴ-ի առանձին ստացիոնարներում, փաստեցին, որ գոյություն ունեն լուրջ խնդիրներ` կապված գյուղական և մարզային ստացիոնարների հետ, որոնք հագեցած չեն անհրաժեշտ մանկաբուժական սարքավորումներով, չկան կոմպլեկտավորված բուժանձնակազմեր, բացակայում են կլինիկական ուղեցույցները, երեխաները երկար ժամանակ պահվում են ստացիոնարում։ Նշված ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ մանկական նյարդաբանության ոլորտում հիպերախտորոշում է տրվում, և հաճախ ախտորոշվում է հիպերտոնիա հիվանդությունը։ Օրինակ, նշված երկրներում պարզվեց, որ այդ ուղղությամբ երեխաները հաճախ ճիշտ բուժում չեն ստանում։ Խնդիրները շատ են նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Շատ կլինիկաներում արգելում են մոր խնամակալությունը, բացակայում են խաղալիքները և այլն։ Այդ բոլոր հարցերն այս հավաքին քննարկվելու են։
-Ձեր գործընկերներից մեկն իր ելույթում նշեց, որ մանկական հիվանդությունների և մահացության խնդիրը սուր է արտահայտված աշխարհով մեկ։ Այդ համատեքստում գնահատեք, խնդրեմ, ՀՀ առողջապահության նախարարության իրականացրած քաղաքականությունը։ Այն նպաստո՞ւմ է խնդրի լուծմանը, թե՞ այդ հարցում Հայաստանը դոփում է տեղում։`
-Խոսքիս սկզբում նշեցի, որ Հայաստանն այդ հարցում ճիշտ ուղու վրա է։ Պետք է ընդգծեմ ՀՀ առողջապահության նախարարության կատարած մեծ աշխատանքը, որը խիստ նկատելի է վերջին մի քանի տարում։ Մասնավորապես, լուրջ աշխատանք է իրականացվել ռազմավարական նշանակության պետական ծրագրերի մշակման առումով, որտեղ մեծ դերաբաժին ունի ստացիոնար բուժօգնությունը։ Կցանկանայի ընդգծել մանուկների և անչափահասների առողջության պահպանման ազգային ծրագիրը։ Դա զարգացման ծրագիր է, որտեղ մոր և մանկան առողջության պահպանման հարցերը շատ լավ են դրված, ներգրավված է նաև մանկաբուժությունը։ Նախարար Հարություն Քուշկյանն ու ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն իրենց ելույթներում նշեցին, որ այս տարի երկու անգամ ավելացել են պետբյուջեից մոր և մանկան ոլորտին ուղղված հատկացումները։ Սա զգալի տեղաշարժ է, հատկապես եթե նկատենք, որ այն իրականացվել է գլոբալ ճգնաժամի պայմաններում։
-2010-ի սեպտեմբերի դրությամբ մանկական մահացության ցուցանիշը ինչպիսի՞ն է 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ։
-Դժվար է միանշանակ ասել։ Օրինակ, Կենտրոնական Եվրոպայում մահացությունը կազմում է հազարից երկու երեխա։ Սակայն կան երկրներ (հենց նույն Եվրոպայում), որտեղ ցուցանիշը 40 անգամ ավելի է։ Այսինքն, խիստ մեծ տարբերություններ կան մեկ տարածաշրջանի կտրվածքով։ Եթե խոսում ենք Արևմտյան Եվրոպայի մասին, այստեղ ԱՊՀ երկրների և Կենտրոնական Ասիայի համեմատ մահացության ցուցանիշը համեմատաբար ցածր է։ Տարբերություն է նկատվում նաև քաղաքային և գյուղական համայնքներում։
-Մանկական ո՞ր հիվանդություններն են առավել տարածված Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Հայաստանում։
-Մինչև 5 տարեկան երեխաների մոտ շեսպերատոր վարակներն են, պնևմոնիաները։ Հայաստանում առանձնացվում են նաև, այսպես կոչված, պերինատալ դեպքերը, որոնք կապված են հղի կնոջ վիճակի հետ։
ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏԱՑԻՈՆԱՐՆԵՐԸ «ԽԵԼՔԻ ԿԳԱ՞Ն»
Մեր զրուցակցի փաստարկներից հասկանալի է դառնում, որ այս պահին ինչպես շատ երկրներում, Հայաստանում նույնպես բարվոք վիճակում չէ մարզային և գյուղական մանկաբուժությունը։ Այն, որ մարզային ստացիոնարներում Հայաստանի անկախությունից ի վեր անտեսված է մանկաբուժությունը, գաղտնիք չէ։ Անհասկանալի է, թե ինչու այդքան նպատակայնորեն այն անտեսվեց։ Իսկ ի՞նչ է արվում այս պահին այն բարձրացնելու ուղղությամբ։ ՀՀ առողջապահության նախարար ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՈՒՇԿՅԱՆԸ, ողջունելով ներկաներին, ասաց. «Մոր և մանկան առողջության պահպանման առաջնայնությունն արտացոլված է պետության գլխավոր փաստաթղթում։ Չնայած տնտեսական ճգնաժամին, կառավարությունը վերջին տարիներին ապահովել է հատկացվող գումարների աճ, ինչը թույլ տվեց բարեփոխումներ իրականացնել ծննդօգնության ոլորտում։ Այդ ծրագրի դրական արդյունքները շոշափելի են, ինչի հիման վրա պատրաստվում ենք 2011-ին առողջապահության համակարգում ներդնել երեխայի առողջության պահպանման պետական հավաստագիր։ Նպատակը մանկական ստացիոնար բուժօգնության մատչելիությունն ու որակի բարելավումն է»։
Ի դեպ, առողջապահությանը մոտ լավատեղյակ աղբյուրները նշում են, որ նախարարի հանձնարարականով լուրջ ուսումնասիրություններ են իրականացվում մարզերում և գյուղական համայնքներում, ինչի հիման վրա տեղերում կյանքի է կոչվելու մանկական ստացիոնարների հիմնման և զարգացման ծրագիրը։ Այս առումով և՛ մարզպետները, և՛ բժիշկները նշում են. «Առողջապահության «շինարար» նախարարը եթե որոշել է, կանի»։ Եվ մինչ այս գաղափարն իրականություն կդառնա, նկատենք, որ այս պահին Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակները բարձր գնահատեցին «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոնի աշխատանքները։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ